Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը իր լսարանին պատմել է Ֆրանսիայի Տրանսպորտի նախարարի տիկտոկյան մի տեսանյութի մասին, որը նախարարին բերել է 400 000 հետևորդ, միլիոնավոր դիտումներ և որ ամենակրևորն է՝ հասել իր աշխատանքային նպատակին։

Ավագանու անդամն առաջարկել է պատկերացնել, որ Հայաստանում նախարարը նույնպես նման բան կատարեր։

Իզաբելլա Աբգարյանը գրել է․ «Կպատկերացնե՞իք, որ Հայաստանի Տրանսպորտի նախարարը TikTok- ում վիդեո դներ, որտեղ իր գլուխը առնետի գլխի ֆիլտրով լիներ: Ֆրանսիայի Տրանսպորտի նախարարը դա արեց անցած շաբաթ ու պայթեցրեց այդ սոցցանցային հարթակը:

Կարճ հաղորդագրությամբ փոխանցելով իր ասելիքը, որն ուղղված էր գիշերային գնացքներով շրջագայելը խրախուսելուն, նախարարը գտավ երիտասարդության սրտի բանալին, քանի որ օգտագործեց թրենդային մեմի տարրը՝ առնետի գլուխը:

Այդ տեսանյութը նրան բերեց միանգամից 400 000 հետևորդ և միլիոնավոր դիտումներ: Առհասարակ, Ֆրանսիայի քաղաքական գործիչները ակտիվացել են TikTok-ում, քանի որ հենց այդ հարթակն է այսօր համարվում երիտասարդների ֆավորիտ»։