Երեկ և այսօր Հանրապետությունում հայտարարված է սգո օր՝ ի հիշատակ Սուրմալուի ողբերգության։ Ողբերգության հետևանքով կան տասնվեց զոհեր՝ այդ թվում երեխաներ և վեց տասնյակից ավելի վիրավորներ, որոնք շարունակում են բուժում ստանալ բժշկական կենտրոններում։

Քաղաքացիները մեծ ցավով են խոսում տեղի ունեցածի մասին։ Երեկ երեկոյան քաղաքացիները սկսեցին ծաղիկներ խոնարհել, մոմավառություն իրականացնել՝ ի հիշատակ «Սուրմալու»-ի ողբերգության զոհերի։

Պատերազմով անցած, քաղաքական ներքին խժդժությունների մշտական ականատես հայ ժողովուրդը շարունակում է տառապալից օրեր ապրել։ Օրերը դարձել են վախվորած, քանզի չես էլ հասկանա, թե այն երբ կավարտվի։

Ամեն բան անկանխատեսելի է դարձել և մտավախությունը հարազատների, մտերիմների համար մեծացել է։ Նյութին կից ներկայացնում ենք երեկ երեկոյան իրականացված մոմավառության և ծաղիկների խոնարհման լուսանկարները։

Քաղաքացիները նշում էին, որ չեն ճանաչում զոհերին, սակայն խղճի հանգստության համար, նրանց հոգու խաղաղության համար խոնարհում են ծաղիկներ ու շարունակ աղոթում։