Պատերազմն ավարտվել է, բայց պատերազմի հետ կապված պատմությունները՝ մեկը մյուսից դաժան և անողոք, ասես՝ անվերջ են։

Ներկայացված լուսանկարի տարեց մարդիկ ամուսիններ են, Այն լուսանկարել է իրենց թոռնիկը, որպեսզի տպեին տատիկ պապիկի նոր անձնագրերում։ Հներն արդեն ժամկետանց էին և որպեսզի տատիկ, պապիկը լուսանկարվելու համար տանից դուրս չգային, թոռնիկն այն արեց տանը։

Դավիթ և Նինա Դավթյանները նոր անձնագրեր այդպես էլ չստացան․ նրանք ուղղակի չհասցրեցին․ սպանվեցին իրեց իսկ տանը, դաժանաբար․․․ ադրբեջանցիների կողմից։ 86 և 82-ամյա ամուսինները Հադրութի Վարդաշատ գյուղից էին։ Չորս երեխաների ծնողները չեն ցանկացել իրենից տանից դուրս գալ։

«Դուք գնացե՛ք, մատաղ, մենք մեր տանն ենք մնում»,- ասել են տատիկը և պապիկը դստեր ամուսնուն, երբ վերջինս եկել էր հրետակոծության ենթարկված գյուղից դուրս բերելու նրանց։ Համայնքապետը՝ Ռուսլան Սողոմոնյանը, պատմում է՝ամեն օր տեսել է նրանց, հաց ու ջուր տարել, խնդրել, որ նստեն մեքենան, դուրս գան գյուղից, բայց նրանք հրաժարվել են՝ չցանկանալով լսել անգամ այդ մասին։

Այնուհետև պատերազմի ավարտից հետո փրկարարները տիկին Նինայի աճյունը գտել են իր տանը, իսկ ամուսնունը տանից փոքր-ինչ հեռու գտնվող այգում։