Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Իմ Անուշ Հայաստան»։ Երաժշտության հեղինակը Լազարոն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը։ Տեսահոլովակում Իվետան մի քանի կերպար է ներկայացրել՝ բոլորում էլ համահունչ լինելով։ Հինգ կերպարներում էլ նա տարբեր էր՝ նուրբ ու կանացիից մինչև զորեղ ու մարտական։
Իվետայի յուրահատկությունը հենց դա է․ նա փորձում է իրեն տարբեր կերպարներում ու հաջողում է դրանք։ Հաճելի է տեսնել նման բազմակողմանի թատերական ձիրքով շնորհված երգչուհուն հայոց բարեբեր հողը, բերքատու այգիներն ու անմահական ջուրը գովերգող կերպարում։
Նա տեսահոլովակը նկարահանել է Սևանա լճի ափին և խաղողի այգիներում։ Գնահատելի է նման ընտրությունը․ գովերգել հայրենիքն ու հայրենի բարիքները։ Իսկ յուրահատուկ հագուստն ու պարային խումբը պայծառություն են հաղորդում տեսահոլովակին։ Ժամերի ընթացքում այն հազարավոր դիտումներ է հավաքել։ Երկրպագուները քննարկում են սիրելի երգչուհու նոր կերպարները՝ վիճելով, թե որն է ավելի հաջողված։