Երեկվա ահասարսուռ դեպքը չի դադարում քննարկվել և քննադատվել։ Անչափ ցավալի է քսանիննամյա կնոջ մահը։ Նա հղի էր և կյանքից հեռացավ վարչապետի շարասյան մեքենայի հետ բախման հետևանքով։

Նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ տեղի է ունեցել շնչառական և սրտի աշխատանքի կանգ, ապա արձանագրվել կնոջ կենսաբանական մահը։ Դեպքի վայր են այցելում քաղաքացիներ և խաղալիքներ, ծաղիկներ, մոմեր դնում։

Պարզվել է, որ կինը Սոնա Մնացականյանն է, ով Support Our Heroes — Armenia կազմակերպության հիմնադիրներից էր։

Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր։ Մի շարք օգտատերեր տարբեր հարթակներում մեկնաբանում են տեղեկությունը և նշում՝ վերջին շրջանում մահերն անգամ խորհրդանշական են դարձել։

Օգտատերերից մեկը գրել է․ «Էս երկրում իրոք մահերն էլ են արդեն խորհրդանշական»։ Մեկ այլ օգտատեր էլ հիշել է Սոսի Խանիկյանին․ «Անցած տարի էլ մարտի 2-ին վրաերթից մահացավ տաղանդավոր և հմայիչ Սոսի Խանիկյանը, ով «Արցախ» երգի հեղինակն էր»։