Անհավանական բաղադրատոմսերի շարքից ներկայացնում ենք հալած պանրով սուրճը։ Այո՛, նախաճաշի համար շատ հարմար տարբերակ է։ Հալած պանիրը՝ մանկության հիշողություն, սուրճը՝ էներգիայի աղբյուր, համադրությունը՝ պայծառ օրվա լավագույն սկիզբ։
Կարող է թվալ, որ սուրճն աղի է լինելու ու տհաճ։ Իրականում դա այդպես չէ։ Հալած պանիրը նրբաճաշակ համ է տալիս սուրճին՝ աննկարագրելի սերուցքային, բայց ոչ աղի համ։ Փորձեք և ինքներդ կհամոզվեք, որ սուրճը շատ հետաքրքիր համ ունի։
Բաղադրիչներ
50 մլ կաթ
1 պտղունց աղ
0,5 թեյի գդալ շաքարավազ
50 գ հալած պանիր
Աղացած սուրճ և ջուր՝ սովորականի պես
Պատրաստման եղանակը
Եռացնել կաթը, ավելացնել մի պտղունց աղ և հալած պանիր, լավ խառնել՝ մինչ պանիր լիովին չհալչի։ Առանձին սովորականի պես եփել սուրճը։ Պատրաստի սուրճը լցնել կաթի և պանրի խառնույթի մեջ, ավելացնել շաքարավազը՝ ըստ ճաշակի։