ԲԴԽ-ն  «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով հրապարակել է պարզաբանում


Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտարարում են, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը  վերջերս՝  հունիսի 1-ին հրավիրած  ասուլիսում հայտնել է, որ ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար  դիմելու է Վերաքննիչ քրեական դատարան: Այդ   հարցը  քննարկվել է Դատական դեպարտամենտում: Այժմ  անհարկի թյուր պատկերացումները նախապես  կանխելու համար  տալիս են հրապարակային պարզաբանում:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի` «Դատավորների միջև գործերի բաշխման և վերաբաշխման կարգը» վերտառությամբ 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում են, և կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են մասնագիտացման սկզբունքի և պատահական ընտրության, ինչպես նաև սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով (…)»:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի` «Վերաքննիչ դատարանում գործերի բաշխումը» վերտառությամբ 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կոլեգիալ և միանձնյա կարգով քննվող գործերը Համակարգչային ծրագրում մուտքագրվում և բաշխվում են միմյանցից առանձին»:

Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ.` «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման հավելված 1-ի 20-րդ կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող/եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը և գործն ըստ էության չլուծող/միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը Ծրագիր են մուտքագրվում և բաշխվում միմյանցից առանձին՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված հավասարաչափ բաշխման չափանիշները՝ սույն գլխով սահմանված առանձնահատկությունների հաշվի առմամբ:

Այսպիսով, ակնհայտ է, որ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կալանավորում խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին» 18.05.2019թ. և «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 20.05.2019թ որոշումների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների հիման վրա քրեական գործը բաշխվել է,  ինչպես «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման պահանջներին համապատասխան:

 


Понравилась статья? Поделиться с друзьями: