Ազատ Աբրահամյանը գրում է․ «Մանկուց արժեքներով ապրել սովորեցրին։ «Մարդասիրությունը, բարեգթությունը, համընդհանուրն ու հանրայինը, գեղեցիկն ու հուզականը, հոգևորը»՝ ասացին էս աշխարհի բարձրարժեքներն են, պիտանի լինելը՝ բարձրագույն վաստակ ու նվաճում։ Ձևավորվեցինք, կայացանք, արմատացանք։
Չընկրկելը՝ տեսակ դարձավ, լավատեսությունը՝ բնավորություն, ուժեղ մնալը՝ ճակատագիր, բայց մեզ գունեղ երանգներով նկարագրած էդ աշխարհն էդպես էլ չգծագրվեց։ Ավելին, գնալով ավելի ու ավելի հեռացավ։ Չեմ ուզում հավատալ, որ պիտանի լինելն էսօր՝ շահավետության նպատակ է, արժևորանքը՝ շահադիտականություն, թե տվածի դիմաց՝ շահածի արժեքը արժողակա՞ն է, թե՞ «էշ առնել, էշ ծախել», բայց, ավաղ։
Ասում ենք՝ սեր, եսիմ ինչ սիրություններ, թասիբ, պատիվ, հավատարմություն, սիրուն բառեր, բառեր, բառեր։
-Սուտ է։
Էջ առ էջ թերթեք վերջին տարիների ապրվածը։ Էսօրվա ապրվողը թերթեք։
Ինքներդ ձեզ հետ մի քիչ բնություն եղեք, մի քիչ՝ գիշեր ու լուսաբաց, ու դեպի երկինք նայեք հաճախակի։ Էն, որ նեղ վիճակում հանկարծ հիշում ու փրկություն եք խնդրում, հետո փսփսացեք խղճին՝ «խաղու՞մ» եք, թե՞ անկեղծանում, և փորձեք պատասխանել՝ ստե՞լ եք, թե՞․․․
Իսկ ես «իմ մոլորակի» երազողը կմնամ, որքան էլ էս աշխարհը ցավեցնի, «սիրելիներն» օտարանան, արժեքներն ախորժակների խառնվեն, ջնջվեն՝ անուրջներ, գեղեցկություններ, ու էդպես․․․ Որովհետև փոքրուց ներսումս էդ են արմատացրել, ու ես երախտապարտ եմ»։