Անմահացած հերոս Տարոն Սահակյանի մայրը ստիպված է եղել մի գրառմամբ հանդես գալ և պատմել որոշակի ճշմարտություններ։ Նրա որդին ընկել էր նոյեմբերի տասնվեցին, ընկել էր հերոսաբար։

Տարոնը 31 տարեկան էր և հավետ մնաց այդ տարիքում։ Հերոսածին մայրը գրում է, որ լրատվամիջոցները նշել են, որ նոյեմբերի տասնվեցին տասներեք զինծառայող գերի է հանձնվել, այնուհետև հավելել են, որ նոյեմբերի տասնյոթին վերադարձվել է Տարոն Սահակյանի մարմինը, բայցոչ մի տեղ չի նշվում, որ Տարոնին թշնամին տարել է անշնչացած։

Հերոսածին մայրը նշում է, որ Տարոնին բոլորն են ճանաչում են և շատ լավ գիտեն, որ նա փախնող տեսակ չէ։ «Կա տեսանյութ, որտեղ Տարոնը գոռում է՝ Տղե՛րք, կրակեք։ Բայց ո՞ւր էին տղերքը։ Նրանցից 8-ը փախել էին, մյուսներն էլ՝ գերի հանձնվել»,- մանրամասնել է հերոսի մայրը։

Այնուհետև հավելել, որ թշնամին որրդու մարմինը հանձնելիս ասել է՝ հերոսին վայել կազմակերպեն հուղարկավորությունը։ Մայրը նշում է, որ կարծես թշնամին առավել լավ է տարանջատում հերոսը գերիից։ Տարոն Սահակյանի մայրը խնդրում է հավասարում չդնել հերոսի ու գերիի միջև։ Այդ դեպքում Հայաստանն ավելի շատ գերի կունենա, քան իրական հերոսներ։

«Չգիտեմ, հաճո՞ւյք եք ստանում սուտ լուրեր տարածելուց՝ թե Մուրադովը բերել է Տարոնի խոշտանգված մարմինը։ Պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որդուս մարմինը խոշտանգման որևէ բիծ չունի։ Որդիս պարգևատրվել է մեդալով, ՊՆ֊ն հայտնել է շնորհակալություն խիզախ և հայրենասեր որդի դաստիարակելու համար»,- գրել է մայրը։