Անմահացած հերոսներին անընդմեջ կարելի է անդրադառնալ, ուսումնասիրել նրանց կյանքը, վերլուծել և հավետ հիշել նրանց սխրանքը։ Տղաների կերտած սխրանքը պարտավոր ենք սրբորեն պահել և տեր լինել։ Նրանք վերաիմաստավորեցին հայրենիքը և փոխեցին հայրենասիրության չափանիշները։

Ներկայացնում ենք հերթական հերոսին՝ Իլյա Հակոբյանին։ Նա ընկավ, երբ ընդամենը տասնութ տարեկան էր։ Ծնունդով Մաղավուզ գյուղից էր։ Ծառայությունն անցկացնում էր Հադրութում։ Ընկել է քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ։ Հերոսի ընտանիքի անդամները նշում են, որ Իլյան վիրավորվել էր լցակայանի պայթյունից՝ Շուշիում, սակայն այդ վիճակում անգամ կռվել է և շարունակել պայքարը հանուն հայրենիքի։

«Շապիկով վիրավոր ուսը կապել էր և կռվել մինչև վերջ», — մանրամասնում է հերոսի քույրը։ Իլյան ընկել է Շուշի բերդաքաղաքում, նոյեմբերի իննին։ «Բազմաթիվ նպատակներ ուներ:

Իլյան սովորում էր Արցախի պետական համալսարանի վոլեյբոլի բաժինում։ Նա որոշել էր ավարտել և գյոյւղի երեխաների համար վոլեյբոլի դպրոց բացել։ Բանակից վերադարձավ և ցանկանում էր վերանորոգել տունը: Պատերազմի ընթացքում տունը ավերվել է, բայց նրան չէինք ասում, որ չտխրի»,- պատմել է հերոսի քույրիկը:

Հերոսի ընտանիքն ապրում է Հրազդանում մինչ Արցախում գտնվող նրանց տունը կնորոգվի: Մեր ցավակցությունները և խորին երախտագիտությունն ենք հայտնում հերոսի ընտանիքին և հարազատներին։