Զինվորի տան բնակիչները հերոսներ են, իրական հերոսներ․ ոչ թե գրքից կամ ֆիլմից, այլ ամենաիսկական, մեր՝ իմ և քո կողքին ապրող հերոսներ, որոնք շարունակում են հերոսաբար ապրել ու ապրեցնել։ Ապրել՝ չնայած ոչ մի արհավիրքի։

Նրանք չեն ընկճվում, գլուխ չեն խոնարհում։ Նրանց ներսում գերբնական ուժ և կորով կա։

Այս օրերին Զինվորի տան հերոս տղաները զարդարել են իրենց ընդհանուր տոնածառը և դրական ու տոնական էներգիա տվել հայրենակիցներին։ Նրանց ապրելը, գործունեությունը մեզ անսահման ուժ է տալիս և փոքր քայլերով ոտքի կանգնեցնում։

Մենք բոլորս պետք է լծվենք հայրենիքի շենացման գործին և ոչ մի պարագայում կիսատ չթողնենք տղաների մեծ ու սուրբ գործը։ Զինվորի տան հանրայնացված տեսանյութում տղաները սայլակով մոտենում են, կախում խաղալիքը և շուրջը տոն ստեղծում։

«Նորի սպասումով… Զինվորի տան տրամադրություններն առանց խոսքերի»,- կցված է տեսանյութին։ Այն անչափ հուզիչ է և պարտավորեցնող։ Հեքիաթային այդ դրվագները կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։