«Մեր տներում զարմանալի, հետաքրքիր և այդ տարիների համար բացառիկ մի հյուր հայտնվեց․․․»․ Դիանա Գրիգորյան


Դիանա Գրիգորյանը ինսթագրամյան իր հարթակում գրառում է կատարել, որտեղ պատմել է հեռուստատեսության մասին, թե ինչպես ծնվեց այն Հայաստանում։

Սցենարիստ-պրոդյուսերի գրառման մեջ մասնավորապես գրված է․ «1956 թ-ի ճիշտ այս օրը’ նոյեմբերի 29-ին, մեր տներում զարմանալի, հետաքրքիր և այդ տարիների համար բացառիկ մի հյուր հայտնվեց՝ հեռուստատեսությունը։

Հայաստանում հիմք դնելով տեխնիկական նոր գյուտի և հանրային արվեստի ժամանակակից ուղղության հետագա զարգացման համար։ Բնականորեն յուրաքանչյուր ժամանակ իր հետքն է թողել այս երևույթի վրա’ արձագանքելով մեր շուրջը կատարվող ամեն իրադարձության։

Հեռուստատեսությունը մտավ մեր կենցաղ, դարձավ մեր կյանքի անբաժանելի մասը։ Վաստակաշատ և խոնարհման արժանի արհեստավարժ վարպետներն իրենց ողջ հնարավորությունները ներդրեցին, որպեսզի տարեցտարի այն դառնա ավելի զանգվածային, ավելի հետաքրքիր, ուսուցողական և բարձրաճաշակ։

Այն, ինչ ստեղծվում էր հեռուստատեսության ակունքներում, իսկապես, բաղդատման ենթակա չէ ներկա պատկերի հետ, որովհետև մեր օրերում առաջարկ-պահանջարկ չարչրկված թեման իր խնդիրներն է հրամցնում և ցավոք, այդ խնդիրները շատ հաճախ լուծվում են որակի անկման գնով և հետևանքում։

Ինչևէ, ժամանակը հոսում է։ Ժամանակը սպասել չգիտի։ Հարկավոր է գնահատել այն, ինչ հեռուստատեսության մեծերը թողել են իբրև անգին ժառանգություն և եղածի վրա մի նոր և ծանրակշիռ քար ավելացնել։ Շնորհավորում եմ մեզ’ բոլորիս, էկրանի կախարդանքին տրված, այդ կախարդանքն ապահովող ամեն մեկին՝ անկախ գործառույթից, շնորհավորում եմ բոլոր իմ գործընկերներին։

Խոնարհում և ակնածանք այս բազմաշերտ արահետը բացողներին, ճանապարհը հարթողներին, որոնց անձնազոհ նվիրման արդյունքում մենք կարող ենք ասել՝ հայկական հեռուստատեսությունը 65 տարեկան է…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: