Դանիել Իոաննիսյանը Սուրմալուի պայթյունի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել։ Այս մասին նա գրել է․ «Ամեն մեկը փորձում է մի կողմ շեղել քննարկումը։ Սուրմալուի ողբերգական դեպքերը լուրջ քննարկման և դասերի քաղման կարիք ունեն:

Բայց, ցավոք սրտի, շատերը ամեն կերպ փոխում են քննարկման թեման: Մեկը հայտարարում է, թե իսլամիստներն են պայթեցրել: Մյուսը՝ թե բա ռուսներն են պայթեցրել, որ գցեն «Սասնա ծռեր»-ի վրա: Որոշ ռուսներ, իրենց հերթին, իրոք հաջողացնում են մեղքը գցեն «Սասնա ծռեր»-ի վրա: Հետո մի քանի փողով գրողներ-խոսացողներ պատմում են, թե Խաչատուր Սուքիասյանն է պայթեցրել, որ «Սուրմայուի» բիզնեսը խլի:

Հետո գալիս են նրանք, ովքեր ասում են, թե ամբողջ խնդիրը հրավառությունների չարգելումն է: Արանքում հայտնվում են մարդիկ, ովքեր պնդում են, որ սա Աստծո պատիժն է կրոնական տոները չհարգելու համար: Եվ այս ամբողջ աղմուկում կորում է անվտանգության կանոնների կարևորության և դրանց անտեսման քննարկումը: Պետք չէ շեղվել հիմնական խնդրից:

Հիմնական խնդիրը Սուրմալույում (և ամբողջ Հայաստանում) բոլոր տեսակի տեխնիկական և հակահրդեհային անվտանգության կանոնների տոտալ մոռացությունն է: Եթե շեղվում ենք այդ խնդիրից, ապա ոչ միայն արդարացնում ենք տեղի ունեցածի իրական մեղավորներին, այլև չենք բացում անվտանգության կանոնների նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխության և դրա շուրջ պետական քաղաքականության վերանայման խոսակցությունը:

Հետևապես պետք չէ քաղաքական ու տնտեսական շահերի սպասարկման, ախմախության ու պատասխանատվությունից խուսափման նպատակով շեղել հանրությանը կարևորագույն այս դասի քաղումից»։