Եթե հոգնել եք ամենօրյա նույն ուտեստներից և ժամանակն էլ չի ներում երկար գտնվել խոհանոցում և պատրաստել համեղ, ապա առաջարկում ենք հետևել մեզ և պատրաստել մեզ հետ։
Մենք ընտրում ենք ամենադյուրին բաղադրատոմսերը և ներկայացնում ձեզ։ Այս անգամ խորհուրդ ենք տալիս պատրաստել հավի մսից ուտեստ։ Այստեղ թռչնամիսը համադրելու ենք բանջարեղենի և վերմիշելի հետ։ Հավատացեք՝ անչափ համեղ է ստացվում։
Անհրաժեշտ է՝
Հավ (վերցրեք ազդրերը) — 1 կգ
Վերմիշել — 200 գ
Սոխ — 1 հ․
Գազար — 1 հ․
Համեմ — մի քանի ճյուղ
Տոմատ — 1 ճ․գ․
Թթվասեր — 2 ճ․գ․
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Վերմիշելը բուսայուղում կարմրացնել և դնել մի կողմ։ Թռչնամիսը կարմրացնել երկու կողմից բուսայուղում, համեմել, այնուհետև միացնել մանրացված սոխը և քերած գազարը, մի փոքր տապակել, լցնել թթվասեր կամ մայոնեզ և տոմատ,
ապա եռման ջուր(միսը կիսով չափ ծածկվի), որից հետո միացնել բոված վերմիշելը, եփել փակ կափարիչով մինչ ջուրն ամբողջովին կգոլորշիանա, մատուցել մանրացված կանաչիով։ Բարի ախորժակ։