«Հայաստանն այնքան սիրեց, որ մահից հետո անգամ ինքն էստեղ մնաց»․ Սյունե Սևադան հայտնի օտարերկրացու մասին, ով Հայաստանն իր երկրից առավել սիրեց


Սյունե Սևադան այսօր հիշել է Արիանայի՝ Լևոնի Արոնյանի վաղամեռիկ տիկնոջ ծննդյան օրը։ Սյունե Սևադան և Արիանան միասին էին աշխատում և մտերիմ էին։ Արիանան մահացել էր ավտովթարից։ Սյունեն գրում է․ «Արիանայի ծնունդն է այսօր` երկրորդը` առանց իր ֆիզիկական ներկայության:

Արին մարդ էր, որի հպումը քո կյանքին միշտ հետք էր թողնում: Արին երգում էր, պարում էր, գրավում էր սարեր և սրտեր, մի վայրկյանում փոխում գծած ճանապարհդ, կյանքդ, արագ որոշումներ կայացնում` դիպուկ, հստակ, ուղիղ` իր խաղացած շախմատի և ապրած կյանքի պես:

Հայաստանն այնքան սիրեց, որ մահից հետո անգամ ինքն էստեղ մնաց: Արիանան ինձ նվիրեց համարձակություն` շատ ավելի բարդ տեքստեր գրելու, սովորեցրեց պատասխանատվության, որովհետև իր մտքերը ես էի լսում և դարձնում հայերենով խմբագրականներ, նվիրեց «Ճամփորդի» թիմը, և չգիտեմ` արդյոք երբևէ էլի կունենամ նման տաք աշխատավայր:

Արին ինձ նվիրեց հրաշալի ընկերներ, որոնք միայն գործի չէ` կյանքի ընկեր են և կողքիս ցանկացած հարցով: Հիշողություններ մնացին, լիքը իրեր և օրեր: Մնաց իր սոցիալական էջը, որ համառորեն բոլորիս ընկերների ցանկում է, և երեխայական միամտությամբ բացում, թերթում ենք, կարդում մեր նամակագրությունը…Արիանան չկա:

Բայց կա մի ահռելի շնորհակալության և սիրո զգացում, որ ուր էլ լինի` հասնելու է իրեն: Ես միշտ գրելու եմ իր մասին, որ չմոռանաք այն ֆիլիպինուհուն, որը եկավ մեր երկիր, սիրեց Հայաստանը և Արցախը սեփական հայրենիքից առավել: Եկավ և հավերժ կմնա այստեղ: Շնորհավոր ծնունդդ, մեր Արի»։


Понравилась статья? Поделиться с друзьями: