Չկա մի երեխա, որը երբևիցե սուտ չխոսի։ Ստելը երեխայի համար պաշտպանիչ միջոց է, որով նա հարմարվում է աշխարհին։ Մանկական սուտն ունի պատճառ, որոնք շատ են և տարբեր։ Ներկայացնում ենք Հրաչյա Ամիրյանի մանկական ստի վերաբերյալ սահմանած պատճառները։

Եվ այսպես՝ գոյություն ունի անմեղ երևակայան սուտ, երբ երեխան հորինում է մի աշխարհ, որում իրեն լավ և հարմարավետ կզգա։ Երբ երեխային ներկայացվում են բարձր պահանջներ, երեխան սկսում է ստել։ Օրինակ՝ ծնողի հսկողությամբ արդեն 1 ժամ դաս է անում, բայց ծնողը ստիպում է շարունակել։

Երեխան ասում է, որ փորը սկսեց ցավալ։ Ստում են, որպեսզի ստանան այն, ինչը ծնողն արգելում է, որպեսզի խուսափեն պատժվելուց, նախատինքներ ստանալուց։ Ինչպե՞ս վարվել։ Բազմաթիվ խորհուրդներից ներկայացնում ենք մի քանիսը։ Նախ պետք չէ զայրանալ, պատժել․ դրանով երեխայի ներսի վախն ուժեղանում է։

Եվ դա մղում է, որ երեխան է՛լ ավելի կատարելագործված ստեր սկսի հորինել։ Հանգիստ վերաբերվեք նրա ստելուն։ Շեշտը դրեք երեխային հասկանալու և սովորեցնելու վրա։ Եթե երեխան չվախենա ձեր բարկությունից, պատժից, չի վախենա ճիշտը պատմել և կդադարի ստել։ Պրովոկացիոն հարցեր մի տվեք։ Դրանք մղում են ստելու։ Օրինակ․ դպրոցից զանգում են և ասում, որ երեխան դասի չի ներկայացել։

Եթե դուք նրան հարցնեք․ «Այսօր դպրոցում ի՞նչ կար», ապա անխուսափելիորեն կլսեք սուտ։ Բայց ասեք․ «Դասի գնալու փոխարեն ո՞ւր էիր գնացել», երեխան կհասկանա, որ ստելն իմաստ չունի։ Եթե երեխայի հետ լավ կոնտակտ ունեք և նա վստահում է ձեզ, ապա կլսեք ճշմարտությունը։