Ալադիները կարծես մանկության համն են հիշեցնում։ Երևի զարմանալի կթվա, երբ լսեք այս կոտլետների անվանումը, բայց այո՛, դրանք կոչվում են մսային ալադիներ։ Անչափ հյութեղ, փափուկ հավի մսից կոտլետներ, որոնց համից չեք հագենա և անընդհատ ցանկություն կունենաք կրկին պատրաստելու։

Անհրաժեշտ է՝
Հավի աղացած միս — 700 գ
Գազար — 200 գ
Սոխ — 1 հ․
Հավկիթ — 1 հ․
Կանաչի — 30 գ
Ալյուր — 80 գ

Գազարն անցկացնել մանր քերիչով, սոխը և կանաչին շատ մանր կտրատել և միախառնել բոլոր բաղադրիչները։ Եթե կնկատեք, որ մսային զանգվածը շատ խոնավ է, կարող եք ավելացնել ալյուրի քանակը։ Ձեռքերով պատրաստել կոտլետներ, որոնք կունենան հայտնի ալադիների տեսքը։

Տապակել տաքացված թավայում, որի մեջ բուսայուղի հետ միասին անհրաժեշտ է ավելացնել 2 ճ․գ․ ջուր։ Տապակել փակ կափարիչով 2 կողմից՝ ցածր կրակի վրա։ Ինչպես նկատեցիք առանձնակի դժվարություն չկա այս ուտեստը պատրաստելու գործում։

Կարելի է մատուցել փլավային ուտեստների, աղցանների հետ։ Այս կոտլետները համեղ են ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։